
Աշխարհացույցը դասապրոցեսում․ նորարարությունների ներդրման հետքերով
2025 թվականը հիմնադրամը մեկնարկեց Աշխարհացույցի օրեցօր մեծացող դպրոցական համայնքներ այցելություններով։ 2022 թվականից մասամբ, իսկ արդեն 2023-24 թվականներին առավել ընդգրկուն «Վիզուալ Հայաստան» հիմնադրամը Հայաստանի հանրակրթական դպրոցներին սկսեց առաջարկել «Աշխարհացույց» նորարարական կրթական ծրագիրը՝ ինտերակտիվ հարթակ, առարկայական բովանդակություն, մրցույթ-ծրագրեր, վերապատրաստումներ։ Այս երկուսուկես տարիների ընթացքում հազարավոր ուսուցիչներ և աշակերտներ միացան հարթակին, մասնակցեցին ու դարձան հիմնադրամի ծրագրերի շահառուներ։
Տարեսկզբից մեկնարկած այցերի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ և սեփական աչքերով տեսնել այն արդյունքները, որ հնարավոր էր ստանալ այս ընթացքում։ Երևանից Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Արարատ, Շիրակ ․․․ և այսպես շարունակ Հիմնադրամի թիմը լինելու է բոլոր մարզերում, շարունակելու է այցելել այն դպրոցներ, որտեղ գործում է Աշխարհացույցը։
Փետրվարյան կանգառներից էր Արմավիրի մարզի հյուսիս-արևմտյան մասում՝ Թուրքիային սահմանակից Շենիկ գյուղի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն իր հոգսերով իրենց ուսերին են կրում գյուղին ու գյուղի երեխաների ապագային իրենց կյանքը նվիրած մանկավարժ կանայք։ Թեև դպրոցում չկա պատմության ուսուցիչ, սակայն այստեղ վաղուց են ծանոթ Աշխարհացույցին՝ շնորհիվ Աշխարհացույցի մենթոր-ուսուցիչ, պատմության ուսուցիչ Արևիկ Գրիգորյանի․ նա հեռավար դասեր է իրականացրել դպրոցի համար, հարթակի կիրառությունը սովորեցրել գործընկերներին, որպեսզի այս հեռավոր գյուղի լուսավոր երեխաները նույնպես հնարավորություն ունենան լավագույն կրթության։
Ավելին՝ դպրոցը 2024-ին «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» ծրագրով վաստակել է սմարթ-էկրան, որը տեղի երեխաների համար ինքնակրթության ու զարգացման նոր խթան է դարձել։
«Մեր դպրոցում պատմության ուսուցիչ չկա, առարկան մեզ հեռավար են դասավանդում։ Ես Աշխարհացույցով եմ պատմություն պարապում, հարթակն ինձ տալիս է մեծ հնարավորություններ․ հիմա որևէ իրադարձության կամ վայրի մասին սովորելիս, միանգամից բացում եմ Աշխարհացույցը, նայում քարտեզի վրա, համեմատում թագավորից թագավոր տարածքային փոփոխությունները, կարդում հավելյալ տեղեկություններ և այդպես շատ ավելի լավ եմ հասկանում ու հիշում նյութը։ Ցանկանում եմ ընդունվել ԵՊՀ, դառնալ լավ պատմաբան․ փոքր հասակից սիրել եմ պատմությունը։ Նպատակս երկրի համար օգտակար մասնագետ դառնալն է, իսկ երազանքս է գիտելիքներս հարստացնել ճանապարհորդությունների միջոցով։
Հարակից համայնքների համեմատությամբ մենք երջանիկ ենք․ Աշխարհացույցն ու սմարթ-էկրանը դարձել են մի մեծ աշխարհ», — մեզ հետ անկեղծացավ 11-րդ դասարանի աշակերտուհի, սմարթ-էկրանների մրցույթ-ծրագրում նախագծային աշխատանք իրականացրած թիմի անդամ Աննա Կիրակոսյանը։
Այցերին հիմնադրամի ներկայացուցիչները հնարավորություն են ունենում շփվելու ինչպես ուսուցիչների և տնօրենների, այնպել էլ աշակերտների հետ։ «Մեծ ու կարևոր փորձառություն են այս այցերը, հնարավոր է դառնում տեսնել Աշխարհացույցի ներթափանցումը դասապրոցես։ Վեր ենք հանում խնդիրները, դրանք մանրամասնությամբ գրի առնում և վերլուծում։ Հանրակրթության ոլորտում շատ անելիքներ կան, բայց բոլոր խնդիրներն էլ լուծելի են, հարկավոր է նպատակ, կամք ու հետևողականություն»,- նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։