«Աշխարհացույցը»՝ Մանկավարժական մտքի փառատոնին
Uncategorized

«Աշխարհացույցը»՝ Մանկավարժական մտքի փառատոնին

Առաջին անգամ Մանկավարժական մտքի փառատոնը դուրս եկավ Երևանի «սահմաններից»․ արտագնա միջոցառումը կայացավ Սյունիքի մարզի Տաթևի միջնակարգ դպրոցում։ Վայրի ու օրվա ընտրությունը խորհրդանշական էր․ 1921թ․ ապրիլի 27-ին Տաթևի վանքում էր հայտարարվել Լեռնահայաստանի Հանրապետության մասին։ Պատմականության շունչը նկատելի էր նաև միջոցառմանը․ փառատոնի մեկնարկը տրվեց ազգագրական երգ ու պարով։

Մանկավարժական մտքի փառատոնը կազմակերպում են «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը և «Տաթև» գիտակրթական համալիրը։ Ծրագրի, մասնակիցների քանակի, փորձառության կամ այլ սահմանափակումներ չկան, կարևորը կրթության ոլորտում նոր միտք ու ասելիք ունենալն է։  Փառատոնի նպատակն է կենդանի շփում ստեղծել ուսուցիչների, կրթությամբ հետաքրքրվողների, կրթական արտադրանք ստեղծողների միջև և խրախուսել մասնագիտական փորձի ու նորարար գաղափարների կիրառումը։

«Մանկավարժական մտքի փառատոնն ինքնակազմակերպվող միջոցառում է, ամբողջ անելիքը ձերն է, սիրելի՛ գործընկերներ։ Խոսնակները եկել են, տաղավարները պատրաստել են, համարները փակցրել են։ Ձեզ մնում է շրջել դասարաններով և սովորել մեկդ մյուսից»,— հյուրերին ողջունեց փառատոնի հիմնադիր Աստղիկ Բալայանը։ 

Մանկավարժական մտքի փառատոնին մասնակցեց նաև «Վիզուալ Հայաստան» հիմնադրամը՝ իր «Աշխարհացույց» հեղինակային ծրագրով։ Հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց»-ի հեղինակ Հովհաննես Ղազարյանը ելույթի իր խոսքում  նշեց, որ փառատոնը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնել սեփական պրոդուկտը, այլ նաև կարծիքներ ու առաջարկներ լսել։ «Մենք հավատացած ենք, որ կրթությունն այն արմատն է, որը հնարավորություն է տալու մեր երկրին, մեր վաղվա սերնդին դառնալ լավագույնը։ Բայց դրա համար նախ անհրաժեշտ է բացահայտել մեր երկրի ներուժը, որը, հավատացե՛ք, անսահման է։  Պարզապես պետք է գտնենք կրթելու և սովորեցնելու ճիշտ ճանապարհը, և այդ առումով Մանկավարժական մտքի փառատոնը հնարավորություն կտա մեզ բացահայտելու կրթության նոր ուղիներ, որոնցից մեկն էլ, վստահ ենք՝ «Աշխարհացույց» ծրագիրն է»,- ասաց Հովհաննես Ղազարյանը։

«Աշխարհացույց»-ի ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանն էլ հավելեց, որ Մանկավարժական մտքի փառատոնին մասնակցում են երկրորդ անգամ, քանի որ գործընկերների հետ շփվելու և  կրթական ծրագրերին ու գափաղարներին փոխադարձաբար ծանոթանալու արդյունավետությունը հասցրել են գնահատել․ «Մանկավարժական մտքի փառատոնի առանձնահատկությունն այն է, որ իրենց ցանկությամբ ու նախաձեռնությամբ այստեղ են հավաքվել ոլորտի առաջատարները։ Մեզ համար սա սկզբունքային նշանակություն ունի, քանի որ «Աշխարհացույց»-ը ևս առաջնորդվում է նույն տրամաբանությամբ՝ առաջարկել կրթական նոր մոտեցումներ և աջակցել նրանց, ովքեր ցանկանում են բարելավել իրենց հմտությունները»։ 

Փառատոնի ծրագրերին ու գաղափարներին ծանոթացավ նաև «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի գլխավոր աջակից ու բարեկամ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը։ Դասարան-տաղավարներից մեկում նրան պատմեցին, թե ինչպես են նոր կյանք տալիս հին փափուկ խաղալիքներին, մեկ այլ խումբ էլ ներկայացրեց լսողության խնդիր ունեցող աշակերտների համար ստեղծած ծրագիրը։ Նրա ուշադրությունը գրավել էր հատկապես այն հանգամանքը, որ երեխաները պարզապես մասնակից չէին, փառատոնի ներկայացված բազմաթիվ նորարար գաղափարներ հենց նրանք էին կյանքի կոչել։

Աշակերտները շատ ակտիվ էին նաև «Աշխարհացույց»-ի դասասենյակում։ Նրանք օգնեցին վերապատրաստող ուսուցիչ Հայկանուշ Ղևոնդյանին և Նաիրա Երկանյանին՝ հյուրերին ներկայացնելով հարթակի գործառույթները և հնարավորությունները։ Միջոցառման ավարտին «Աշխարհացույց»-ի թիմը գոհունակությամբ ամփոփեց արդյունքները՝ ավելի քան 180 գրանցված մասնակից։ 

Սիսիանի հ․2 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ Մելինե Սարջանյանը «Աշխարհացույց»-ի մասին առաջին անգամ լսել էր փառատոնի ժամանակ և շտապել էր ծանոթանալ ծրագրին․ «Որքան հասկացա, հարթակն ավելի շատ կիրառելի է պատմության և աշխարհագրության դասերին, բայց կփորձեմ ես էլ որևէ ձևով ներառել իմ դասապրոցեսում, որովհետև ակնհայտ էր՝ երեխաների հետաքրքրվածությունն ավելանում է այսպիսի նորարարություններ օգտագործելու դեպքում»։

«Տաթև» գիտակրթական համալիրի տնօրեն, դասագրքերի հեղինակ Սոկրատ Մկրտչյանը շեշտեց, որ փառատոնն ունի ոչ միայն տեղակատվական, այլ նաև հենց գործնական նշանակություն ողջ մանկավարժական համայնքի համար։ «Մենք այստեղ գեներացնելու ենք գաղափարներ, որոնք ծնվելու են ձեր ներկայացրած առաջարկներից։ Ապագայում դրանք արտացոլվելու են մեր դասագրքերում։ Մանկավարժական միտքն այդպես է զարգանում․ հավաքագրվում են ուսուցիչների ու աշակերտների մտքերը, մշակվում են և կրկին վերադառնում դպրոց»։

Մանկավարժական փառատոնն այս անգամ ուներ 450-ից ավելի մասնակից՝ Երևանից ու Հայաստանի համարյա բոլոր մարզերից։ Միջոցառման ավարտին առցանց քվեարկությամբ ընտրվեցին լավագույն մասնակիցները`  առաջին տեղում Կապանի հ. 3 հատուկ դպրոցն էր, երկրորդում՝ Տաթևի միջնակարգ դպրոցը և Կապանի հ․7 դպրոցը, երրորդում՝ Կապանի հ. 1 հիմնական դպրոցը։ Մանկավարժական մտքի հաջորդ փառատոնը կկայանա Տավուշում։