«Աշխարհացույց»-ում գործարկվել է աշխարհագրություն առարկայի պիլոտային տարբերակը
Uncategorized

«Աշխարհացույց»-ում գործարկվել է աշխարհագրություն առարկայի պիլոտային տարբերակը

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի թիմը երկարատև աշխատանքի արդյունքում կրթական համայնքի դատին է հանձնում երկար սպասված ևս մեկ օգտակար պրոդուկտ։ «Աշխարհացույց» կրթական հարթակում գործարկվել է աշխարհագրություն առարկայի պիլոտային (բետա) տարբերակը։ Վստահ ենք, որ աշխարհագրության դասավանդումն այսուհետ կլինի առավել ինտերակտիվ, պատկերավոր և հետաքրքիր։ 

Այժմ հասանելի են 6-րդ դասարանի Հարավային Ամերիկա և Աֆրիկա մայրցամաքների մասին թեմաները։ Հատուկ այս թեմաների համար մշակվել է ավելի քան 200 հոդված վեց կատեգորիայում (ցամաք, ջուր, ֆլորա, ֆաունա, դեմք, ընդհանուր բնութագրեր)՝ հարստացված մեդիա նյութերով, աշխարհի կլիմայական գոտիների և մայրցամաքների բնական զոնաների և այլ աշխարհագրական օբյեկտների ինտերակտիվ քարտեզներով։

Չնայած մինչ այս «Աշխարհացույց»-ը նախատեսված էր պատմություն առարկայի դասավանդման համար, այդուհանդերձ բազմաթիվ դպրոցներում հարթակի հարուստ քարտեզները և նյութերը ուսուցիչները կիրառում են նաև աշխարհագրության դասերին։ Այսօր արդեն հարթակը հարմարեցված է աշխարհագրություն առարկայի համար և բովանդակության հարստացմամբ այն աստիճանաբար կդառնա լիարժեք կիրառելի նաև այս առարկայի դասավանդման համար։ 

«Ուրախ եմ, որ «Աշխարհացույց» հարթակը Հայոց պատմություն և Համաշխարհային պատմություն առարկաներից զատ հարստացավ ևս մեկ առարկայով։ Ուսուցչական համայնքի հետ մեր հանդիպումների ընթացքում աշխարհագրության ուսուցիչները մշտապես հետաքրքրվում էին, թե ե՞րբ է իրենց առարկան հասանելի լինելու մեր հարթակում։ Հավատացած եմ, որ աշխարհագրություն առարկայի մեկնարկով «Աշխարհացույց»-ի շուրջ արդեն իսկ ձևավորված մեր մեծ ուսուցչական համայնքը կընդլայնվի և սկիզբ կդրվի նոր՝ աշխարհագետ մանկավարժների համայնքի ձևավորմանը։ Սիրով սպասում ենք աշխարհագրության դասերին հարթակի կիրառության մասին ուսուցիչների կարծիքներին»,- նշեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը:

«Մենք գիտենք, որ այս ուսումնական կիսամյակը 6-րդ դասարանցիները սկսում են հենց Հարավային Ամերիկա դասով, այդ իսկ պատճառով պիլոտային տարբերակը գործարկում ենք հենց այդ մայրցամաքով։ Առաջիկա ամիսներին «Աշխարհացույց»-ը կհամալրվի աշխարհագրություն առարկայի նոր թեմաներով և նոր քարտեզներով, կունենանք ավելի հարուստ բովանդակություն այս կարևոր և չափազանց հետաքրքիր առարկան նորովի դասավանդելու համար»,- ընդգծեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Սոնա Հովհաննիսյանը, ով համակարգում է Աշխարհագրություն առարկայի բովանդակության ստեղծման աշխատանքները։