«Վաղուց էինք խոսում այն մասին, որ դպրոցական առարկաները որքան ինտերակտիվ լինեն, այնքան ընկալելի կդառնան աշակերտի համար։ Եվ սա արդեն իրականություն է․ նորարարական այս հարթակում վիզուալիզացվում են պատմություն և աշխարհագրություն առարկաները»,- հաղորդավարներ Արթուր Գեղամյանը և Դիանա Հարոյանը Շանթ հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» ծրագրի եթերում այսպես ներկայացրին «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակը՝ հյուրընկալելով ծրագրի ներկայացուցիչներին։
«Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը ներկայացրեց հարթակի առանձնահատկությունները և ինտերակտիվ դասեր կազմակերպելու հնարավորությունները։ Նա ընդգծեց, որ ծրագրին դպրոցները միանում են կամավոր հիմունքներով։ «Ծրագրի առավելությունն այն է, որ տեքստային և վիզուալ բովանդակության զուգորդման հնարավորության շնորհիվ բարձրանում է դասապրոցեսի կազմակերպման արդյունավետությունը։ Մենք ունենք հարթակից օգտվող 1000 — ավոր աշակերտներ և վերապատրաստված 100-ավոր ուսուցիչներ։ Թվերը խոսուն են և պարտավորեցնող նաև մեզ համար»,- ասաց Արևիկ Ավետիսյանը։
Երևանի Լ․ Ազգալդյանի անվան հ․ 200 դպրոցի պատմության ուսուցիչ, «Աշխարհացույց»-ի մենթոր-ուսուցիչ Վարդան Քերոբյանի կարծիքով՝ հարթակի հաջողության գաղտնիքներից մեկն այն է, որ գործում է սմարթ կրիչներով հետաքրքրված ժամանակակից աշակերտին հարազատ միջավայրում։ Նա ընդգծեց, որ «Աշխարհացույց»-ը չափազանց օգտակար է նաև հանրակրթական պետական նոր չափորոշիչներով աշխատող ուսուցչին։
«Հարթակը լիարժեքորեն լուծում է կրթական համակարգի առաջ դրված խնդիրները և բավարարում է այն պահանջները, որոնցով մենք պարտավոր ենք աշխատել։ Այնպես որ, «Աշխարհացույց»-ը մեծագույն նվեր է կրթական քաղաքականությանն ու ուսուցչին»,- նշեց նա՝ շեշտելով հատկապես միջառարկայական կապի ապահովման հնարավորությունը։
Անդրադառնալով «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցը 2024» ծրագրին՝ Արևիկ Ավետիսյանն ընդգծեց, որ այն ևս համահունչ է կրթական համակարգի քաղաքականությանը, քանի որ մրցույթի պարտադիր բաղադրիչներից մեկը նախագծային աշխատանք է, իսկ, ինչպես հայտնի է, հանրակրթական դպրոցներում նախագծային ուսուցումն այս տարվանից դրվել է լայն կիրառության մեջ։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «Աշխարհացույց»-ի շրջանակում ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և հարթակի աշխատանքի հետագա ընդլայնման հնարավորություններին։
Մարտի 25-ին եթեր հեռարձակված հաղորդման մյուս մանրամասներին ծանոթացեք այստեղ։