««Աշխարհացույց»-ն ինքնաբացահայտման և շարունակաբար կրթվելու նոր հնարավորություն է»․ Լաուրա Գրքիկյան
Uncategorized

««Աշխարհացույց»-ն ինքնաբացահայտման և շարունակաբար կրթվելու նոր հնարավորություն է»․ Լաուրա Գրքիկյան

Լաուրա Գրքիկյանը մտադիր չէր դառնալ պատմության ուսուցիչ․ նրա երազանքն իրավաբանությունն էր։ Դասավանդելու մասին ևս չէր մտածում․ աշխատանքային փորձը սկսվել է կոշիկի ֆաբրիկայում։ Երկու տարի աշխատելուց հետո դադար վերցրեց, բայց, ի վերջո, «բոլոր ճանապարհները տարան դպրոց», արդյունքում՝ սիրելի աշխատանք և 33 տարվա մանկավարժական փորձ։ Գյումրիի հ․ 1 ավագ և հ․ 15 հիմնական դպրոցներում պատմություն դասավանդող տիկին Գրքիկյանն ասում է, որ սիրում է ոչ միայն սովորեցնել, այլ նաև շարունակաբար սովորել, և այդ առումով «Աշխարհացույց» հարթակն իր համար դարձել է ինքնաբացահայտման և շարունակաբար կրթվելու նոր հնարավորություն․ նախ ավարտել է «Աշխարհացույցի» ճանաչման և կիրառման եռամսյա առցանց դասընթացները, ապա դարձել «Մենթորության կրթաթոշակ Աշխարհացույցի ուսուցիչներին» կրթաթոշակային ծրագրի առաջին շրջանավարտներից։

— Գուցե անսովոր հնչի, բայց առաջին հարցս ուզում եմ սկսել Ձեր մասնագիտության և ազգանվան «կապից»։

— Իմ պապերը շատ են սիրել կարդալ, և ազգանվան արմատն իսկապես գիրքն է։ Իմ մեջ գրքի նկատմամբ սերը սերմանել է հայրս։ Նա շատ էր սիրում հատկապես պատմավեպեր, մենք վեց քույր ենք, բոլորիս գրքի հերոսուհիների անուններով է կոչել, բացառությամբ կրտսեր քրոջս։ Ես էլ Պետրարկայի Լաուրան եմ։ Կարդալ սիրում էի մանկուց, բայց չէի մտածում պատմության ուսուցիչ դառնալու մասին։ Իմ երազանքը իրավաբանն էր։ Խորհրդային տարիներին մի քիչ դժվար էր այդ բաժինն ընդունվել,  բարձր գնահատականներ էի ստանում, բայց նաև աշխատանքային փորձ էր պահանջվում, որը չունեի։ Չորս տարի փորձեցի, ի վերջո, համոզեցին, որ իրավաբանությունն «աղջկա» մասնագիտություն չէ։ Որոշեցի պատմության բաժին ընդունվել, ինչի համար չեմ ափսոսում, շատ եմ սիրում մասնագիտությունս։ Ընդունելության քննության համար անգամ կոմունիստական կուսակցությանն եմ անդամագրվել, որովհետև դա ևս առավելություն էր դիտարկվում։

— Քանի՞ տարի է՝ դասավանդում եք։

-1991թ․-ից աշխատում եմ, 33 տարվա մանկավարժական ստաժ ունեմ։ 

— Ձեր մանկավարժական փորձառությունը փորձեք բաժանել շրջանների, ինչո՞վ էին իրարից տարբերվում։

— Երբ սկսեցի դպրոցում աշխատել, շատ բարդ ժամանակահատված էր՝ Խորհրդային Միության փլուզում, 1988-ի երկրաշարժը… բայց կար հայոց պատմություն սովորելու կարոտ։ Երկու տարի աշխատելուց հետո ճակատագրի բերումով հայտնվեցի Ռուսաստանում։ Ինձ դպրոց վերադարձրեց իմ աշակերտուհի Ղազարյան Նարինեն։ Նա շատ հաճախ նամակ էր գրում դասարանի անունից և ասում էր, որ ինձ անընդհատ հիշում են։ Այդ նամակները ես մինչև հիմա պահում եմ։ Մի անգամ էլ գրել էր, թե ով գալիս է մեզ դասավանդելու, այնպես ենք անում, որ մեր դասարանից հրաժարվեն։ Այդպես վերադարձա Հայաստան, նորից մտա դպրոց՝ հասկանալով, որ պետք է արդարացնեմ երեխաների սպասումները։ Ասեմ, որ այդ տարիներին շատ դժվար էր աշխատել, հաճախ դասագիրք չէր լինում, մենք թելադրում էինք։ Հետո դասագրքեր եղան՝ հայոց պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում։ Դա ևս ուսուցումը դժվարեցնում էր։ Կրթության ոլորտում լուրջ փոփոխությունների եղան, երբ անցանք 12-ամյա կրթության, 10 բալանոց գնահատման համակարգի։ Այս նորամուծությունները գրավեցին նաև ինձ, և  2007 թ․-ից դարձա վերապատրաստող ուսուցիչ՝ ուսումնասիրելով եվրոպական դպրոցական ծրագրեր, ուսուցման նոր մեթոդները և ոչ ֆորմալ կրթության առանձնահատկությունները։ Շարունակական կրթությունն ինձ համար դարձավ ապրելակերպ, և վերջին ծրագիրը, որն ինձ շատ հետաքրքրել է, «Աշխարհացույց»-ն է։ Կարելի է ասել՝ «Աշխարհացույց»-ի բոլոր նախաձեռնությունների մունետիկն եմ․ եռամսյա առցանց վերապատրաստումների առաջին շրջանավարտներից եմ, շատ օգտակար էր նաև մենթորական ծրագիրը, որովհետև սիրում եմ սովորել և սովորեցնել ուրիշներին։ Ներկան տեխնոլոգիաների դարաշրջան է, և մրցունակ լինելու առաջին նախապայմանը հենց թվային տեխնոլոգիաների ներդրումն է, որը ոչ միայն կարող է օգնել վերակազմակերպելու կրթական համակարգը, այլ նաև ձևավորել կենսունակ մարդկային կապիտալ։

— Բացի այն տեսակետից, որ կրթությունը պետք է արդիականացնել, կա նաև մոտեցում, որ դպրոցը փորձադաշտ չէ, և պետք չէ ամեն նորամուծություն այստեղ կիրառել։ Կարո՞ղ եք ասել, որ «Աշխարհացույց»-ի դեպքում գործել է առնվազն «Մի՛ վնասիր» սկզբունքը։

— Վստահաբար կարող եմ ասել, որ «Աշխարհացույց»-ը ոչ միայն չի խանգարել, այլ մենք վաղուց էինք զգում այսպիսի հարթակի կարիք։ Վերջերս գտա 2003 թ․ նկարներ և հիշեցի, որ Հայոց ցեղասպանության մասին դաս-միջոցառում անելու համար գնացել էի «Շանթ» հեռուստաընկերություն, խնդրել էի տեսանյութ մոնտաժեն։ Իսկ հիմա «Աշխարհացույց»-ի շնորհիվ ես դրա կարիքն այլևս չունեմ։ «Աշխարհացույց»-ը հնարավորություն տվեց ժամանակին համահունչ քայլել։ Նախկինում լինում էր, որ աշակերտը որևէ պետության տեղ էր հարցնում, որի քարտեզն այդ պահին չունեի, բայց հիմա շատ արագ «Աշխարհացույց»-ով ամբողջական տեղեկությունը գտնում եմ՝ և՛ տեսանյութ, և՛ քարտեզ, և՛ դիդակտիկ նյութ։ «Աշխարհացույց»-ն աշակերտներին օգնում է նաև մասնագիտական կողմնորոշման հարցում, որովհետև, օրինակ, գտածոներն ուսումնասիրելիս շատերի մոտ հետաքրքրություն է առաջանում հնագիտության, պեղումների նկատմամբ, կամ հետաքրքրվում են, թե պատերազմի ժամանակ պետություններն իրար նկատմամբ ինչ դիրք են ունեցել, պատկերացնում են ռազմաճակատները, կարող են գծել, օրինակ, Տիգրան Մեծի նվաճումների քարտեզը, ստեղծել սահիկներ՝ այդպիսով միաժամանակ բավարարելով 8 կարողունակություններից մի քանիսի պահանջը։ Հարթակի օգտագործումը հեշտացնում է չափորոշչային գնահատումը, որովհետև թույլ է տալիս և՛ գիտելիք ստուգել, և՛ պարզել սովորողի դիրքորշումը, վերաբերմունքը։