Մեդիա

100 սմարթ-էկրան «Աշխարհացույց»-ի դպրոցներին
Uncategorized

100 սմարթ-էկրան «Աշխարհացույց»-ի դպրոցներին

100 վաստակած երազանք, 100 վերազինվող հանրակրթական դպրոց, 37 899 շահառու աշակերտ․ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամն ամփոփել է «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024 մրցույթը»՝ մեծ ուրախությամբ և ոգևորությամբ արձանագրելով, որ ի սկզբանե հայտարարված 50-ի փոխարեն հիմնադրամը կրթական նորարարական տեխնիկա վաստակելու հնարավորություն է ընձեռել կրկնակի ավելի՝ 100 հանրակրթական դպրոցի։

Այս աննախադեպ որոշումը, ինչպես հայտարարել է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը, հնարավոր է եղել իրականություն դարձնել Հիմնադրամի գլխավոր աջակից ու բարեկամ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնի լիակատար աջակցության շնորհիվ․

«Միայն տեխնիկայի ձեռքբերումն արժեցել է 100 միլիոն դրամ։ Սա, կարծում եմ, աննախադեպ ներդրում է ՀՀ կրթական միջավայրում՝ միտված կրթության գործընթացի արդիականացմանը՝ բառի բուն իմաստով։ «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի հետ միասին մենք մեր ուսուցիչներին և աշակերտներին տրամադրում ենք ժամանակակից կրթական պահանջները բավարարելուն միտված ևս մեկ գործիք։ Չափազանց խանդավառված ենք, որ ունենք նման հնարավորություն՝ իրականացնելու այն նպատակը, որին ամբողջ թիմով ենք հավատում՝ վերափոխել Հայաստանը՝ վերափոխելով կրությունը»։

«Իմ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԸ․ քարտեզագրելով ․․․» խորագրով մրցույթի հայտ էր ներկայացրել 170 հանրակրթական դպրոց ամբողջ հանրապետությունից, երկրորդ փուլի շեմը հաղթահարել՝ 155-ը, իսկ նախագծային աշխատանք ներկայացրել 143-ը․ դրանք ղեկավարող 130 ուսուցիչ, 957 աշակերտ, որոշ դեպքերում՝ համախբված համայնքներ, երկու ամսից ավելի հետազոտական, բանահավաք և կազմակերչական ահռելի աշխատանք են կատարել, որի ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները դժվար է չափել, բայց ստեղծարար մտքի ու ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված մնայուն, յուրօրինակ և կարևորը՝ հանրօգուտ վերջնարդյունքները ծառայելու են թե՛ իրենց դպրոցներին և թե՛ իրենց համայնքներին։

Հիմնադրամի, ԿԳՄՍ նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի և այլ կրթական կառույցների ներկայացուցիչներից կազմված գնահատող հանձնաժողովի ութ անդամների անդադար աշխատանք, հանդիպումներ ու քննարկումներ, մրցութային պահանջների բավարարման համար նախագծերի յուրաքանչյուր կետի մանրակրկիտ հետազոտություն․ Հանձնաժողովի ավելի քան մեկ ամիս կատարած աշխատանքից հետո այսօր մեծ պատասխանտությամբ արձանագրում ենք՝ բարդ ընտրության արդյունքում կայացրել ենք «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի կարևորագույն սկզբունքին՝ մասնագիտական անաչառությանը համապատասխան որոշումներ։

ՀՀ կառավարության կողմից երկրորդ անգամ անընդմեջ բարեգործական ճանաչված և մեր երկրում իր տեսակով եզակի այս մրցույթը բոլորիս համատեղ աշխատանքի, նորարարության ապահովման միջոցով կրթության որակի բարձրացման և դրանով պետությունը զարգացնելու հանդեպ մեր անկոտրում հավատի արդյունքն է։

Շնորհավորում ենք ձեզանից յուրաքանչյուրին և մեր թիմին՝ բոլոր խոչընդոտները թիմային ոգով ու համագործակցությամբ հաղթահարելու և Ծրագիրն իր նպատակին հասցնելու համար։

Հիշեցնում ենք, որ նախորդ մրցույթում էլ 40 դպրոց էր արժանացել սմարթ-էկրանների։ Այպիսով, այսօր արդեն 140 հանրակրթական դպրոց հանրապետության բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից համալրվել և շարունակում է համալրվել նորագույն տեխիկայով, ինչը «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակով հանդերձ հնարավորություն է տալիս կիրառել դասավանդման արդի մեթոդներ և գործիքակազմ՝ աննախադեպ բարձրացնելով դասապրոցեսի արդյունավետությունը։

Սա մեր համատեղ ճանապարհի ու որդեգրած նպատակների միայն սկիզբն է։ Առջևում դեռ շատ նախագծեր ու ծրագրեր են սպասվում, որոնք իրագործելու ենք միասնական ուժերով և հայաստանյան կրթական միջավայրում համակարգային դրական փոփոխություններ արձանագրելու հստակ որոշմամբ։ Մեզ ոգեշնչում է ձեր ջանասեր ներգրավվածությունն ու նվիրումը, հետևաբար նորանոր ձեռքբերումներն անխուսափելի են։

Ի գործ՝ մինչ նոր հաղթանակներ։

Սմարթ-էկրաններ վաստակած հանրակրթական դպրոցների ցանկը՝ կից․

100 սմարթ-էկրան վաստակած հանրակրթական դպրոցների ցանկ